… 2003 թվականի սեպտեմբերի 1-ին մենք («Հանգույց»-ի հիմնադիրները) պատիվ ունեցանք որպես ուսանող ոտք դնելու Երևանի պետական համալսարան:Երբեմնի հեռավոր, անհավանական թվացող, բայց քաղցր ու շոյիչ մեր երազանքը վերաճել էր երջանիկ իրականության: Հրա՞շք էր կատարվել, չէ’, ավելի ճիշտ` մենք էինք արարել հրաշքը: Իսկ արարումն, իրոք, ծանր էր: Գրասեղանին դարսած հաստափոր գրքերի հետ տանջալից գիշերներ անցկացնելը առօրյա էր դարձել, իսկ բազում լուսաբացեր դիմավորող կարմրած աչքերն ու նվաղած հայացքը` բնական վիճակ: Հիմա, երբ տարիների հեռվից փորձում ենք վերաիմաստավորել այդ շրջանը, նախ ծիծաղում ենք բարձունքը հաղթահարածի սրտանց ծիծաղով, իսկ հետո զարմանում` ինչպե՞ս էինք դիմանում: Զարմանալ, թերևս, պետք չէ, դա խավարում խարխափողի` լույսին ձգտելու չափեր չճանաչող էներգիան է, հասնելու մոլուցքը, տիրելու տենչը:Այդ ամենը խանդավառում է մարդուն, հզորացնում, ամրացնում, օժտում այնպիսի պոտենցիալով, որը հանդարտ վիճակում չգիտես ուր է կորում: Լույսը կամ լույսի հույսն էր մեզ զորացնում… Եվ քանի¯ անգամ, երբեմն հենց պարապելու ժամանակ, կողքի էինք դնում մեր հարազատ, բայց ձանձրալի գրքերը և սկսում երազել: Երազել «ԲՈՒՀ» կոչված ինչ-որ շատ պատկառելի, հարգանք ներշնչող, բայց մեզ համար դեռևս անծանոթ ու խորթ երևույթի մասին: Ուսանողություն… դա մեզ այլ հասարակություն էր թվում` ամենակարող, ակտիվ, միասնական, հզոր:Դա մեզ համար երկրի ամենակայուն միջուկն էր: Լինել մասնիկն այդ միջուկի` իրոք, խենթ ու համարձակ նպատակ էր… Այդ նպատակը կյանքի կոչվեց… Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր…ուսանողական եռուն անիվը անկանգ պտտվում էր և ամեն մի պտույտով մեզ մղում ամենատարբեր անակնկալներով հագեցած անծանոթ ափեր: Եվ երբ դեգերումների ու պրպտումների արդյունքում մենք ճանաչեցինք այդ նոր աշխարհը, նախկին մեր պատկերացումներում հիասթափություն ապրեցինք: Պարզապես մենք հասկացանք,որ, առհասարակ,չկա ուսանողություն, կան միայն ուսանողներ: Բարձրագույն ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրը, ստեղծելով փակ, ինքնավար համակարգ, գոյատևում է անկախ մյուս ԲՈՒՀ-երից: Ավելին` ԲՈՒՀ-երում մեկուսացած են նաև ֆակուլտետները, ֆակուլտետների ներսում` կուրսերը, կուրսերում` առանձին խմբավորումները: Շուտով նկատեցինք, որ չկա բուհական միասնական ցանց, ուսանողական ինֆորմացիայի ներհոս, չկան համընդհանուր ծրագրեր,նախագծեր, միջոցառումներ:Մի խոսքով` չկա այդ ամենը կոորդինացնող, համակարգող ուսանողական հանգույց… Եվ մի օր էլ, երբ հերթական անգամ ոգևորված քննարկում էինք այս բացթողումները, մի միտք հղացավ` «Ինչու՞ և ի՞նչ իրավունքով դժգոհենք, որ այս կամ այն չկա:«Չկա»-ն «կա» դարձնելը նաև մեր հոգսն ու պարտականությունն է: Այդ դեպքում ավելի լավ կլինի` ոչ թե ԲՈՒՀ-երի հարաբերություններում ինչ-որ հանգույց փնտրենք, այլ մենք ինքներս ստեղծենք այդ հանգույցը»: Գաղափարը իր սկզբնական տարբերակով հրաշալի և հեշտ իրագործելի թվաց: Նոր մտքեր, առաջարկներ տեղացին:Բայց որքան շատ էինք երևակայութունից իրական դաշտ տեղափոխվում, այնքան ավելի խորն էինք պատկերացնում մեր հետագա անելիքի հսկա ծավալը: Ինչևէ, դժվարությունը հաղթահարելու համար է: Այն ավելի է սաստկացնում ծարավը և առավել երանելի դարձնում նպատակը:Բացի դրանից, նպատակիդ վայելքը առավել բուռն ու տևական է պայքարից հետո: …Պայքարը սկսված էր: Կարճ ժամանակամիջոցում բանակը համալրվեց նոր կամավորներով, որոնք իրենց հետ բերեցին պայքարելու իրենց ձևերն ու ռազմավարությունը: Հանգույցի ստեղծման պրոցեսը բարդ էր, բայց կար հիմքը` կային նախնական թելերը` հաստ, ամուր, գրեթե չկտրվող: Մնացած բոլոր թելերը պետք է ածանցվեին դրանցից և հավաքվեին ու փաթաթվեին դրանց վրա: Հանգույցը օրեցօր պետք է հաստանար, ամրանար և այնքան տարածեր իր սահմանները, որ ցանկացած ուսանող իր բաժին թելը տեսներ այնտեղ. դա արդյունքի իդեալական ու ցանկալի մոդելն է, որի համար պայքարում էին ու պայքարում են մեր կամավորները… Հանգույցը ստեղծվեց` ծնելով «Հանգույց» ինտերնետային կայքը:Սակայն ծնունդով չավարտվեց պայքարը: Չէ՞ որ ծնելը դեռ քիչ է, պետք է նաև մեծացնել նորածնին…
Եթե ցանկանում եք դառնալ Հանգույցի անդամ, կարող եք
գրանցվել հենց հիմա.....